Համառոտ ակնարկ

   1933 թվական. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ընդամենը 13 տարեկան է: Նորաստեղծ պետությունը կայացման առաջին քայլերն է կատարում: Հասարակության պետական մտածողության հիմքերն են դրվում: Իրականության մեջ ուրվագծվում է հայ ժողովրդի դարավոր իղձը՝ ազգային մշակույթը տեսնել պետական հովանու ներքո. ստեղծվում են պետական մշակութային և կրթական հաստատություններ: Այդ տարիներին է հիմնադրվում  մանկական գրադարանը: Գործելով որպես դպրոցական կենտրոնական գրադարան՝ սկզբնապես ունենում է 2000 միավոր գիրք, 800 ընթերցող, 30 տեղանոց ընթերցասրահ: 1935թ.-ին՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի,  անվանակոչվում է Խնկո Ապոր անվամբ: Բազմաբնույթ և համակողմանի աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում մեծ հեղինակություն է վայելում ընթերցողների շրջանում: Աստիճանաբար աճում են և՛ գրքային հավաքածուն, և՛ ընթերցողների թիվը: 1962թ.-ին ՀԽՍՀ նախարարների խորհրդի դեկտեմբերի 8-ի որոշմամբ գրադարանին շնորհվում է հանրապետականի կարգավիճակ, և գրադարանը ստանձնում է հանրապետության դպրոցական և մանկական գրադարանների համակարգման աշխատանքը, իսկ 1963թ.-ից սկսում իրականացնել հրատարակչական գործունեություն. հրատարակվել է մոտ 500 անուն գիրք: 1980թ.-ին գրադարանը տեղափոխվում է Տերյան փողոցում գտնվող նորակառույց տիպային շենք: Հարմարավետ և ընդարձակ կառույցը գրադարանի գործունեության ոլորտներն ընդլայնելու և  սպասարկումն առավել արդյունավետ իրականացնելու հնարավորություն է ընձեռում: 1982թ.-ին գիտական, մեթոդական և հրատարակչական բեղմնավոր գործունեության համար գրադարանին շնորհվում է գիտական առաջին կարգ: 2003թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ գրադարանը վերանվանվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան և ներկայումս հանրապետության մանուկներին և պատանիներին սպասարկող բոլոր գրադարանների գրադարանագիտական և գիտամեթոդական կենտրոնն է: Իրականացնում է ընթերցողական տարբեր տարիքային խմբերի սպասարկում և կրթադաստիարակչական բազմաբնույթ գործունեություն: Գրադարանում երեխաների ազատ ժամանցը հետաքրքիր կազմակերպելու և գեղագիտական ճաշակը զարգացնելու նպատակով գործում են տարբեր խմբակներ և ստուդիաներ: Գրադարանային հավաքածուն առ 01.01.2017թ. կազմում է 528890 պահպանության միավոր. գրքեր, պարբերական մամուլ, քարտեզներ, նոտագրեր, ձայնապնակներ, լուսանկարներ, տեսալսողական նյութեր, լազերային և մուլտիմեդիա սկավառակներ /հայերեն, ռուսերեն և շուրջ 60 օտար լեզվով/:
Գրադարանն ունեցել է 6 տնօրեն՝
- Սիրուշ Սինանյան /1933-1937/
- Ասյա Շաբոյան /1937-1938/
- Բաբկեն Զաքարյան /1938-1939/
- Անահիտ Հակոբյան /1939-1969/
- Հայկուշ Դանիելյան /1970-1996/
- Ռուզան Տոնոյան /1996թ. օգոստոսից/


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում