Գրադարանի հրատարակությունները

   Հրատարակչական աշխատանքներ իրականացվում են 1963թ.-ից: Տարիներ շարունակ գրադարանի կողմից կազմվել և հրատարակվել է բազմաբովանդակ մասնագիտական գրականություն. մեթոդական ձեռնարկներ, տեղեկատու-հանձնարարական ցանկեր, օրացույցներ, մատենագիտություններ, կենսամատենագիտություններ, «Հիշարժան տարեթվեր» ամենամյա մեթոդ-մատենագիտական հանձնարարականը, ալբոմներ, ամսագրեր, այլ մասնագիտական նյութեր: Տարեկան տպագրվում է մի քանի անուն մատենագիտական նյութ, թեմատիկ հանձնարարական, ուսումնամեթոդական ձեռնարկ:
Մինչ օրս կազմվել է հետևյալ մանկական գրականության մատենագիտությունը.
Հայ մանկական գրականության մատենագիտություն՝ 7 պրակով /1920-1945; 1946-1972; 1973-1982; 1983-1987; 1988-1992/ 
Մանկական թարգմանական գրականության մատենագիտություն՝ 2 պրակով /1920-1972; 1973-1982/:
Մանկական պարբերական մամուլը ներկայացվել է «Հասկեր», «Աղբյուր», «Պիոներ», «Ծիծեռնակ» մանկական հանդեսների մատենագիտություններով: «Ընթերցողների ուսումնասիրումը մանկական գրադարանում», «Գեղագիտական աշխատանքը մանկական գրադարանում», «Մանկապատանեկան ընթերցանության հիմնախնդիրները», «Երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպումը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում» խորագրերով ներկայացվել են ընթերցանության խնդիրները: Կազմվել է հայ դասական և ժամանակակից մանկագիրների և կոմպոզիտորների կենսամատենագիտություն.
* Աթաբեկ Խնկոյան * Հայրապետ Հայրապետյան * Ղազարոս Աղայան * Վիկտոր Վարդանյան * Վազգեն Տալյան * Սուրեն Մուրադյան * Գուրգեն Գաբրիելյան * Էդուարդ Ավագյան * Գեղունի Չթչյան * Աշոտ Տեր-Գրիգորյան * Մկրտիչ Կորյուն * Սիլվա Կապուտիկյան * Հենրիկ Սևան * Խաժակ Գյուլնազարյան * Լիպարիտ Սարգսյան * Արեգ Լուսինյան * Արաքս * Կամսար Ավետիսյան * Մաթևոս Դարբինյան * Անահիտ Սեկոյան * Լուսիկ Բառնակյան * Սողոմոն Մկրտչյան * Հակոբ Աղաբաբ * Յուրի Սահակյան...
Հրատարակվել են «Գրողները մանուկներին» և «Ճանապարհորդություն գեղեցիկի աշխարհում» անոտագրված տեղեկատու-մատենագիտական ցանկերի մատենաշարերը, «Գարնան շողեր» ժողովածուն /3 պրակ` 1986; 1990; 2002/, որում ամփոփված են գրադարանի շնորհալի ընթերցողների ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, նկարներ: Գրադարանի ձեռնարկումներից են նաև «Ճոճանակ» մանկական գունազարդ ամսագրի և ցանցային ռեսուրսների օգտագործման միջոցով միջազգային կրթության ու դաստիարակության խնդիրների իրականացման արդյունքներն ամփոփող iEARN in Armenia – 2002, DEEP/ iEARN in Armenia – 2003, iEARN in Armenia – 2004 հրատարակությունները:





Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում